ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Այն ակնկալիքները, որ և՛ հասարակությունը, և՛ մենք ունեինք, թերի մնացին»

«Այն ակնկալիքները, որ և՛ հասարակությունը, և՛ մենք ունեինք, թերի մնացին»
09.12.2008 | 00:00

«ԼԱՎԻՆ ԿՈՂՄ ԵՆՔ ԵՂԵԼ, ԻՍԿ ՎԱՏԸ` ՔՆՆԱԴԱՏԵԼ»
Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության քարտուղար ԱՐԾՐՈՒՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ, ով ծնունդով Շիրակի մարզից է, «Իրավունքը de facto»-ի զրույցը, բնականաբար, սկսվեց երկրաշարժի 20-ամյակին առնչվող հարցից` ինչպե՞ս եք գնահատում աղետի գոտու վերականգնման աշխատանքները։ «Եթե այդ աշխատանքները գոհացնեին, այժմ բնակարանով չապահովված ոչ մի ընտանիք չէր լինի։ Մինչդեռ այսօր աղետի գոտում կա շուրջ յոթ հազար ընտանիք, որոնք բնակարանի կարիք ունեն։ Սա նշանակում է, որ կատարված աշխատանքները լիարժեք չեն եղել, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Սակայն նաև չի կարելի ժխտել, որ որոշակի աշխատանքներ այս ընթացքում իրագործվել են։ Ողջունելի է կառավարության այն ծրագիրը, համաձայն որի մոտակա չորս տարիների ընթացքում իսպառ կվերացվի «աղետի գոտի» հասկացությունը»։
-Պարոն Աղաջանյան, ՕԵԿ-ը նախագահական ընտրությունների ժամանակ խիստ քննադատական դիրքերից էր հանդես գալիս։ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի իր եթերային ժամանակն օգտագործում էր Հայաստանի իշխանությունների հերթական հանցագործությունը բացահայտելու համար։ Ընտրություններից հետո դարձաք իշխանություն, ու մի ակնթարթում անօրինականություններն օրինակա՞ն դարձան, իսկ խնդիրներն էլ անմիջապես լուծվեցի՞ն։
-Համամիտ չեմ, թե մենք քննադատություններ չենք հնչեցնում, կամ` ամեն ինչ լուծված է։ Մենք եղել ենք կառուցողական ընդդիմություն։ Լավին կողմ ենք եղել, իսկ վատը` քննադատել։ Նաև վատի լուծման ուղիներն ենք առաջարկել։ Այո՛, նախագահի ընտրությունների ժամանակ քննադատել ենք` նախանշելով, թե որտեղ են թերությունները, բացթողումները։ Ընտրություններից հետո կազմվեց կոալիցիա, ստորագրվեց հուշագիր, ինչը ենթադրում է ծրագրերի համատեղում ու դրանց իրագործում։ Միանշանակ ասել, թե հիմա բոլոր խնդիրները լուծում են ստացել, սխալ է։ ԱԺ-ում մեր ելույթների ժամանակ հաճախ ենք քննադատությամբ հանդես գալիս, բնականաբար, շատ հարցերի հետ համաձայն չենք։
-Ոչ շատ վաղուց ՕԵԿ-ը կրկին կոալիցիայի մաս էր, սակայն որոշեց դուրս գալ։ Նման զարգացում հնարավո՞ր է նաև հիմա, թե՞...
-Ներկայումս ճիշտ չէ կանխագուշակել, թե երբ ինչ է հնարավոր։ Այն ժամանակ մենք, իբրև կոալիցիայի մաս, աշխատեցինք երեք տարի, հետո որոշակի անհամաձայնություններ ի հայտ եկան, ինչի պատճառով էլ ճիշտ համարեցինք կոալիցիայից դուրս գալը` պահպանելով մեր սկզբունքները։ Հիմա ես չէի ասի, թե հնարավոր են նման զարգացումներ, քանի որ կա հուշագիր և համատեղ աշխատանք։ Անցած ութ ամիսները ցույց տվեցին, որ ճիշտ ճանապարհով ենք գնում, ու տարաձայնությունների համար էլ հիմքեր չկան։
-Ասել է` գործող նախագահի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական կուրսին լիովին կողմ եք։
-Այո։ Մասնակից ենք դրանց և համամիտ ենք։
-Իսկ ղարաբաղյան հիմնախնդրում Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությո՞ւնն էլ եք դրական գնահատում։
-1994-ին, որպես ազատամարտիկ, մասնակցել եմ Մարտակերտի տարածաշրջանի պաշտպանական մարտերին ու հրադադարի պայմանագրի ստորագրման ժամանակ ուրախացել եմ բոլորի պես։ Այս տասնչորս տարիների ընթացքում, իմա` հրադադարից հետո, անընդհատ հարձակման, պատերազմի վերսկսման վտանգը եղել է։ Մայնդորֆի հռչակագրով արձանագրվեց, որ երկու կողմերը խնդրի քաղաքական լուծման համաձայնության են եկել։ Բացի այդ, բանակցային գործընթացը շարունակվում է, և միջնորդները ցանկացած առարկություններ կարող են անել, ուստի չպետք է հիմնվել միջնորդների կարծիքի վրա և եզրակացության գալ։ Այս ընթացքում նրանք հարյուրավոր տարբերակներ են առաջարկել, որոնց հիսուն տոկոսը մոռացվել է։ Չի կարելի նրանց բանավոր խոսքից եզրակացնել, որ ոչ հայանպաստ որոշում է կայացվելու։ Այն երեք սկզբունքները (Ղարաբաղի անկախությունը սակարկելու առարկա չի կարող լինել, Ղարաբաղի անվտանգության ապահովում, Հայաստանի հետ կապ), որոնք վկայակոչում է գործող նախագահը, ամրագրված են նաև Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրում։ Այսինքն` մեր դիրքորոշումն այս հարցում երբեք չի փոխվել։
-Ձերը` գուցե, սակայն ընդդիմությունը հաճախ է շեշտում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է տարածքներ հանձնելու։
-Բանակցությունները ենթադրում են փոխզիջում։ Սակայն այս խնդրում ոչ մեկը ոչ մի բան չի կարող ենթադրել։ Ընդդիմությանը խորհուրդ կտայի «փոխզիջում» բառն ի վնաս մեզ չընդունել։ Հնարավոր է` ինչ-որ բան զիջենք, բայց ինչ-որ բան` երեք սկզբունքի փոխարեն։
-Որպես ազատամարտիկ` ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այն հանգամանքին, որ այժմ որոշ ազատամարտիկներ ձերբակալված են։
-Այժմ իրավական գործընթաց է գնում, և դատարանը կտա այդ հարցերի պատասխանները։ Միանշանակ պետք է հաշվի առնել նրանց ավանդը հայրենիքի համար։ Բնականաբար, չէի ցանկանա, որ նրանք ձերբակալված լինեին։ Բոլոր դեպքերում, նրանք ինչ-որ բանի համար են մեղադրվում, ինչը պետք է դատարանն ապացուցի։
-Իսկ Դուք հավատո՞ւմ եք, որ նրանք այդ «ինչ-որ բանը» կատարել են։
-Չեմ կարող ասել, որպես դատավոր չեմ կարող հանդես գալ։ Իմ մոտեցումը կլինի սուբյեկտիվ։ Կա դատարան, իրավական համակարգ, որը քննության կառնի այդ ամենը, հետո համապատասխան գնահատականներ կտա։
-Եվ վերջում. ավարտվեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Ինչպիսի՞ն էր այն։
-Ընդհանուր առմամբ Ազգային ժողովն այն օրենքները, որ պետք է ընդուներ, ընդունեց, սակայն ակնկալիքները, որ և՛ հասարակությունը, և՛ մենք ունեինք, թերի մնացին։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հնարավորություն չտվեց որոշ հարցերի սպառիչ պատասխաններ տալ` աշխատավարձի բարձրացում, որոշակի ծրագրերի իրականացում։ Այս առումով 2009-ին ունենք զգալի անելիքներ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ